• English
  • Հայերեն
  • Français
Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հայաստան - ՄԱԿ

ժնևում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանի խոսքը «Ցեղասպանության կանխարգելում» խորագրով ՄԻԽ միջնստաշրջանային հանդիպմանը

10 փետրվարի, 2021
ժնևում ՀՀ մշտական ներկայացուցիչ,  դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանի խոսքը «Ցեղասպանության կանխարգելում» խորագրով  ՄԻԽ միջնստաշրջանային հանդիպմանը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

ԺՆԵՎՈՒՄ ՀՀ ՄՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ, ԴԵՍՊԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՆԵՐԱԾԱԿԱՆ ԽՈՍՔԸ «ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻԽ ՄԻՋՆՍՏԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ

Ժնև, 10 փետրվարի 2021թ․

 

Տիկին նախագահ,

ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատարի տեղակալ,

ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդատու,

Հարգելի գործընկերներ և հանդիպման մասնակիցներ,

 

Նախ և առաջ կցանկանայի շնորհակալություն հայտնել բոլորիդ՝ անդամ երկրների ներկայացուցիչներին, ՄԱԿ համակարգին, մարդու իրավունքների մեխանիզմներին և հաստատություններին, փորձագետներին, և ընդհանրապես քաղաքացիական հասարակությանը այս կարևոր հանդիպմանը մեզ միանալու համար։ Կցանկանայի շնորհակալություն հայտնել նաև ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատարի գրասենյակին և ՄԱԿ ժնևյան գրասենյակին մերօրյա արտակարգ պայմաններում այս առցանց հանդիպումը կազմակերպելու նպատակով ներդրած ջանքերի համար։ Այս ամենը ևս մեկ անգամ ապացուցում է այսօրվա քննարկման թեմայի կարևորությունը և մեր հաստատակամությունը շարժվելու որդեգրված ճանապարհով։ Այն նաև ի ցույց է դնում մեր ճկնությունը միջոցների կիրառման առումով, բայց ոչ երբեք մեր դավանած սկզբունքների հարցում։ 

Հայաստանի համար պատիվ է լինել այս միջնստաշրջանային հանդիպման կազմակերպիչների և քննարկման առարկան առաջարկողների շարքում։ Անկախության ձեռքբերումից անմիջապես հետո Հայաստանը նախաձեռնեց ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ առաջին բանաձևը և լծվեց Ցեղասապանության Կոնվենցիայի, ոճրագործություններին վերաբերող շարունակական ռիսկերի և մարտահրավերների մասին իրազեկվածության բարձրացման, ինչպես նաև կանխարգելման իրավական և ինստիտուցիոնալ կարողություն կառուցելու գործին։

Ինչպես Մարտին Լյութեր Քինգն է ասել․ «Բարոյականությունը չի կարող օրինականացվել, բայց վարվելակերպը կարող է կանոնակարգվել։ Օրենքները չեն կարող փոխել սրտերը, բայց նրանք կարող են զսպել անսիրտներին․․․»։ Հիրավի, մենք սա դիտարկում ենք, որպես իրավաստեղծ աշխատանք, մի գործունեություն, որը կկառուցի առավել նպաստավոր միջավայր, որտեղ «Այլևս երբեք» բառակապակցությունը չի լինի սոսկ արտաբերված խոստում, այլ կլինի քայլ՝ արված հանուն մարդկությանը հայտնի ամենազազրելի հանցագործություններից զերծ աշխարհի։ Սա մարդկության վարվելակերպը և բարոյականությունը բարեփոխելու պարզամիտ հայց չէ, այլ՝ աշխատանք երաշխավորելու, որ ազգային ու միջազգային դերակատարները պարտավորված են գործելու համընդհանուր կանոններով և չափորոշիչներով, բոլոր այն դեպքերում, երբ մարդկությունը ու բարոյականությունը խեղաթյուրված են այն աստիճանի, որ կարող են հանգել մարդկության դեմ հանցագործությունների։

Մեր տարածաշրջանում սանձազերծված վերջին բռնությունները հիշեցրեցին պատմական ոճրագործությունների սարսափները։ Դրանք ևս մեկ անգամ ի ցույց դրեցին այն ձախողումներն և մարտահրավերները, որոնց բախվում են միջազգային մեխանիզմները նման հանցագործությունները կանխարգելելու գործում։ ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի Ցեղասպանությունների կանխարգելման թիվ 43/29 բանաձևում արձանագրված է, որ նախկինում տեղի ունեցած ցեղասպանության օրինակների արդարացումը, կողմնակալությունը կամ ժխտումը կարող է ավելացնել բռնության կրկնման սպառնալիքը։ Բանաձևը նաև ցեղասպանության ժխտումը որակել է որպես ատելության խոսքի ձև։

Ատելության խոսքի, ինչպես նաև դրա դրսևորումներից մեկի՝ ցեղասպանության ժխտման, դեմ միջազգային շարունակական պայքարը հիմնականում պետք է ուղղված լինի պետության հրահրած, նրա կողմից աջակցություն վայելող, և նրա կողմից նախաձեռնված ցեղասպանության ժխտման բոլոր դեպքերի դեմ։ Երբ պետությունը ներգրավվում է նման գաղափարախոսությունների տարածմանը դասագրքերի, իր կողմից հովանավորվող պաշտոնական, պատմական ընկերակցությունների միջոցով, երբ համապատասխան կերպով չի արձագանքում ատելության խոսքի դրսևորումներին, ապա դա անխուսափելի սպառնալիքի հստակ ազդակներ և վաղ տագնապի նշաններ է պարունակում։ Պետության նման կեցվածքը խոսում է զոհերի և նրանց ժառանգների մարդու իրավունքների շարունակական խախտումների մասին։ Ավելին, դա հստակ ազդակ է այն բանի, որ ցեղասպանական գործողությունների կրկնողությունը բացառող որևէ շոշափելի քայլեր չի արվում։ Ոճրագործների սերունդները մեղքի բաժին չեն կրում այնքան ժամանակ, քանի դեռ չեն արդարացնում նրանց և նույնականացվում նրանց հետ։ Ուստի չափազանց կարևոր է վերջ դնել անպատժելիությանը և դրանով իսկ արդյունավետորեն նպաստել կանխարգելմանը։

Ես, որպես հայ, գիտեմ, որ լռությունը խորացնում է վերքերը, կենդանի պահելով տառապանքի և ողբերգության հիշողությունները։ Թույլ տվեք ևս մեկ անգամ մեջ բերել Մարտին Լութեր Քինգին, ով ասել է որ «ամենամեծ ողբերգությունը, ոչ թե վատ մարդկանց կողմից իրականացվող դաժանություններն են և հալածանքը, այլ՝ դրանց դեմ լավ մարդկանց լռությունը»։ Իսկապես, ուշացած արդարությունը մերժված արդարություն է։ Այս կապակցությամբ մենք ունենք համատեղ առաքելություն, այն է՝ երաշխավորել, որ կվերականգնվեն զոհերի ու նրանց ժառանգների արդար իրավունքները, այդ թվում՝ ճանաչման, պատասխանատվության, ճշտի, փոխհատուցման, չկրկնվելու երաշխիքի և պատմական հիշողության պահպանման միջոցով։

Այստեղ է, որ կազմակերպված, գիտակ, ուժեղ և ներկայացուցչական քաղաքացիական հասարակությունը, ինչպես նաև ազատ, բազմազան և անկախ լրատվությունը պետք է կարևոր դեր խաղան։ Պատահական չէ, որ այս սահմանումը եղել է ՄԻԽ 43/29 բանաձևի նորամուծություններից մեկը, որն անդրադարձել է այնպիսի գաղափարների, ինչպիսիք են քարոզչությունը, մշտադիտարկումը, հաշվետվողականությունը, կրթությունը, հակամարտությունների կանխարգելումն ու կարգավորումը և հաշտեցման նախաձեռնությունները ցեղասպանության կանխարգելման գործում։

Այսօր հրավիրել ենք վերոնշյալ բոլոր կարևոր դերակատարներին։ Հայաստանը հավատացած է, որ Մարդու իրավունքների խորհուրդը և ՄԱԿ Մարդու իրավունքների բարձր հանձնակատարի գրասենյակը ցեղասպանության կանխարգելման գործում ունեն մեծ աշխատանք և առաքելություն։ Սույն միջնստաշրջանային հանդիպումը մեր համատեղ ներդրումն է այդ վեհ նպատակի իրականացման գործում։

Շնորհակալություն։

 

ԺՆԵՎՈՒՄ ՀՀ ՄՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ, ԴԵՍՊԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԽՈՍՔԸ «ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻԽ ՄԻՋՆՍՏԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ

 

Ժնև, 10 փետրվարի 2021թ․

Եզրափակելով այս կարևոր միջնստաշրջանային հանդիպումը, կցանկանայի շնորհակալություն հայտնել հանդիպման բոլոր վարողներին, զեկուցողներին ու բանախոսներին՝ իմաստալից քննարկումների համար։ Ջերմորեն շնորհավորում եմ Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդատու Ալիս Վաիմիրու Նդետիրուին՝ ՄԻԽ շրջանակներում անցկացվող միջոցառմանն իր առաջին պաշտոնական ներգրավվածության համար։ Հայաստանը բարձր է գնահատում այսօրվա միջոցառմանը ձեր մասնակցությունը և արտահայտած հիմնավոր մտքերը։ Մենք հույս ունենք, որ բոլորս մեծապես կշահենք այսօրվա հանդիպման արդյունքներից։ ՄԻԽ 43/29 բանաձևի թիվ 39 գործառնական պարբերությունը արձանագրում է հատուկ խորհրդատուի ինտերակտիվ երկխոսության անցկացումը ՄԻԽ 47-րդ նստաշրջանի ժամանակ և մենք անհամբեր սպասում ենք այս ամառ կայանալիք մեր հանդիպմանը։

Հայաստանը կշարունակի իր սկզբունքային և շարունակական ջանքերը ցեղասպանության կանխարգելման գործում, որպես ՄԻԽ համապատասխան բանաձևի հեղինակ։ Մենք հետագայում ևս կշարունակենք սերտորեն համագործակցել կազմակերպված, գիտակ, ուժեղ և ներկայացուցչական քաղաքացիական հասարակության, ինչպես նաև ազատ, բազմազան և անկախ լրատվամիջոցների հետ՝ դիտարկելով նրանց, որպես մեր կարևոր և վստահելի գործընկերներ այս աշխատանքում։

Հայաստանը հավատացած է, որ պետք է մեր առջև դնենք լավ մտածված և հասանելի նպատակներ, որոնք կնպաստեն ցեղասպանությունների կանխարգելմանը։ Նման նպատակներից մեկը կլինի Ցեղաստանության հանցագործության, պատժի և կանխարգելման 1948թ․-ի Կոնվենցիայի համընդհանուր վավերացումը։ Հայաստանն այս առաջարկը մշտապես անում է Համընդհանուր պարբերական դիտարկման ժամանակ։ Մենք հավատացած ենք, որ Կոնվենցիային միացած յուրաքանչյուր նոր երկրի հետ մեկ քայլով կմոտենանք ցեղասպանությունների կանխարգելմանը։

Եզրափակելով պետք է նշել, որ ՄԻԽ-ը Մարդու իրավունքների բարձր հանձնակատարին հանձնարարել է պատրաստել մի շարք զեկույցներ, որոնք կներկայացվեն ինչպես այս, այնպես էլ՝ հաջորդ տարի և կանդրադառնան ցեղասպանության կանխարգելմանը, պաշտպանության  պատասխանատվությանը և մարդու իրավունքների խախտումների կանխարգելմանը։ Նշյալ զեկույցների պատրաստությունը մեզ կընձեռի լրացուցիչ հնարավորություն քննարկելու, թե ինչպես է հնարավոր կանխարգելման քաղաքական կամքը և համատեղ հանձնառությունը վերածել շոշափելի և արդյունավետ գործողության։

Շնորհակալություն։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Address: 16 Parc du Château-Banquet
1202 Geneva, Switzerland
Tel: +41 (0) 22 320 11 00

Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: